ԱՐՑԱԽ Հայրենակցական Հասարակական Կազմակերպություն
ԱՐՑԱԽԻ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
By admin On 18 Янв, 2015 At 08:54 ПП | Categorized As Без рубрики | With 0 Comments

Արցախի տարածքը հարուստ է տարբեր դարաշրջանների պաշտամունքային, աշխարհիկ, մեմորիալ ճարտարապետության բազմահազար հուշարձաններով: Ընդ որում, դրանց մի մասն է մեզ հասել. շատերն ավերվել են Արցախ ներխուժած թշնամական հորդաների, ինչպես նաև XX դարում` ադրբեջանական իշխանությունների կողմից: Արցախի ճարտարապետությունը վաղ միջնադարից սկսած զարգացել է այն ընդհանուր օրինաչափությունների հիման վրա, որոնք բնորոշ են եղել ողջ հայկական շինարարական արվեստին: Արցախի առաջին եկեղեցին IV դ. սկզբում Ամարասում հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը: Արցախի վաղմիջնադարյան արժեքավոր հուշարձաններից են Գրիգոր Լուսավորչի թոռան` Գրիգորիսի դամբարանն Ամարասում (489 թ.), Տիգրանակերտի V դ. միանավ բազիլիկան, Վանքասարի VII դ. խաչաձև գմբեթավոր եկեղեցին և Մոխրենիսի VI դ. «Օխտդռնի վանքը», որը հայ ճարտարապետության նվաճում` «Հռիփսիմեատիպ» հուշարձանների նախատիպն է: Արցախում շինարարական կյանքը մեծապես տուժեց VIII–XIII դդ.` արաբների, սելջուկ-թուրքերի, թաթար-մոնղոլների ասպատակություններից: Երկրամասում ճարտարապետությունը մեծ վերելք ապրեց XIII դ., երբ այստեղ հզորացավ Խաչենի հայկական իշխանությունը: Այդ ժամանակաշրջանում ստեղծվեցին ճարտարապետության և արվեստի այնպիսի ստեղծագործություններ,որոնք մտան հայ ժողովրդի գեղարվեստական ժառանգության ոսկե ֆոնդը: Ձևավորվեց հայկական ճարտարապետության Արցախի ստեղծագործական դպրոցը, որի լավագույն հուշարձանները կենտրոնացված են վանքային համալիրներում` Գանձասարում, Դադիվանքում, Խաթրավանքում, Գտիչ, Եղիշե առաքյալ, Բռի եղցի վանքերում և ուրիշներում: Արցախի միջնադարյան շինարարական արվեստի գլուխգործոցն է Գանձասարի վանքը, որի Սբ. Հովհաննես Մկրտիչ տաճարի (1216- 1238 թթ.) գմբեթն իր զարդաքանդակների և պատկերաքանդակների քանակով ու ինքնատիպությամբ բացառիկ է հայ արվեստում: Վանքի գավիթը նույնպես իր ճարտարապետությամբ և հարդարանքով առանձնանում է հայկական նույնատիպ հուշարձանների շարքում: Անվանի արվեստաբան Ա. Յակոբսոնը Գանձասարի վանքը բնորոշել է որպես «XIII դ. հայկական ճարտարապետության հանրագիտարան»: Դադիվանքը հիմնվել է I դ. Թադեոս առաքյալի աշակերտ սուրբ Դադիի գերեզմանի վրա: Այսօր կանգուն խոշոր համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբերից` պաշտամունքային ու աշխարհիկ: Հիմնականում XIII դ. կառուցված շենքերի տիպաբանական բազմազանությամբ, որմնանկարներով ու կտիտորական քանդակներով աչքի ընկնող Դադիվանքը հայկական ճարտարապետության լավագույն համալիրներից է: Միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն Խաթրավանքը, որն ավերել էին 1144 թ. սելջուկ- թուրքերը, 1204 թ. նորովի կառուցեց Հաղբատի վանահայր Հովհաննես Խաչենեցին` հիմնելով այստեղ մատենադարան ու թանգարան: Արցախի ճարտարապետական դպրոցի ստեղծագործական կապերի բացահայտման համար կարևոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի «Բռի եղցի» վանքը, որի եկեղեցիներից մեկը և հուշակոթողը կառուցել է ճարտարապետԽաչենիկ Անեցին: Արցախում և Սյունիքում XIII դ. ստեղծվեցին մեմորիալ հուշարձանի նոր տիպ` «որմնափակ խաչքարը» և նոր համալիր` «մելիքական ապարանքը»: Արցախի ճարտարապետության առանձնահատկություններից են XIII դ. վանքերում միանավ բազիլիկների ու եկեղեցիներում ուղղանկյուն ձևի Ավագ խորանի զանգվածային կիրառումը: Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցն իր բազմաբնույթ հուշարձանների ինքնատիպ ու բարձրարվեստ հորինվածքներով մեծապես հարստացրեց հայ մշակույթի գանձարանը:

Հասրաթյան Մ. (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, Հայաստան) muradhasratyan@rambler.ru

ACHIEVEMENTS OF THE MEDIEVAL ARCHITECTURE OF ARTSAKH Hasratyan M. (National Academy of Sciences of the Republic of Armenia, Institute of Arts, Armenia)

About -

Leave a comment

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>