ԱՐՑԱԽ Հայրենակցական Հասարակական Կազմակերպություն
Ասկերանի շրջան
By admin On 8 Авг, 2015 At 06:23 ДП | Categorized As Без рубрики | With 0 Comments

Ասկերանի շրջանը զբաղեցնում է ԼՂՀ կենտրոնական մասը, հյուսիսում և հյուսիս – արևմուտքում սահմանակից է Մարտակերտի շրջանին, արևմուտքում՝ Քաշաթաղի շրջանին: Հարավային սահմանները հասնում են մինչև Մարտունու և Հադրութի շրջաններ, իսկ հարավ – արևելքում սահմանակից է Մարտունու շրջանին: Հյուսիս – արևելքով անցնում է Ադրբեջանի հետ պետական սահմանը: Շրջանը զբաղեցնում է 1222 քառ. կմ տարածք, բնակչությունը կազմում է 17 400 մարդ: Ասկերանի շրջանում կան 45 բնակավայրեր, որոնցից մեկը քաղաք է՝ շրջկենտրոն Ասկերանը, որը տեղակայված է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից 14կմ հեռավորության վրա: Շրջանը ունի խառը ռելիեֆ. հարավ – արևմուտքում՝ լեռնային, հյուսիս – արևելքում՝ հարթավայրային: Շրջանով հոսում են Կարկառ, Բադարա (Պատարա) և Քոլատակ գետերը: Պատմական աղբյուրների համաձայն, վաղ անցjալում շրջանի տարածքի մի մասը` Կարկառի աջափնյա հատվածը մտնում էր Արցախի Վարանդա գավառի մեջ, ձախափնյակը` Խաչենի: Այստեղ պահպանվել են մի շարք պատմաճարտարապետական կոթողներ, որոնց շարքում մեծ հետաքրքրություն են ներկայացնում Ասկերանի ամրոցը (XVIII դար), Վարանդայի Շահնազարյան մելիքների նախկին նստավայր Ավետարանոց գյուղի հուշարձանը, Բովուրխանավանքը,Պտկեսի Սուրբ Գևորգ եկեղեցին: Սարուշենի Փիրումաշեն եկեղեցին, Ծաղկաշատ գյուղում գտնվող XIX դարի վերջի և XX սկզբներին մղված հայ ազատագրական պայքարի հայտնի գործիչ Նիկոլ Դումանի տուն թանգարանը, Բադարայի (Պատարա) գետի ավազանի հուշակոթողները, Այգեստանի մոտակայքում գտնվող բուժիչ աղբյուրը: Ասկերանի շրջանում է գտնվում «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցը: Իվանյան գյուղի մոտակայքում գտնվում են դամբարաններ:

ՔԱՂԱՔ ԱՍԿԵՐԱՆ Ասկերան քաղաքը հիմնվել է 1920թ. –ից հետո, հին ռազմական բերդի տեղում, դրա համար էլ ստացել է այդ անվանումը, որը բառացիորեն նշանակում է «զորանոց»: 1967թ. –ից սկսած Ասկերանը քաղաքատիպ ավան է: Բնակչությունը կազմում է 2,1 հազ. մարդ (2008թ.): Այդտեղ XVIII դարում հիմնվել էր բերդ, որը Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո, երկար ժամանակ ռուսական զորքերի համար ծառայել է որպես ռազմաբազա: Քաղաքում կա պատմաերկրաբանական թանգարան, որում պահվում են հազվագյուտ ցուցանմուշներ: Վերջերս կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որում պարբերաբար իրականացվում են պատարագներ: Ասկերանի ամրոցը, որի փառահեղ պարիսպները կարելի է տեսնել դեպի «Տիգրանակերտ» արգելոց տանող ճանապարհին, Ստեփանակերտից դեպի արևելք 14 կմ հեռավորության վրա, կառուցվել են միջնադարում: XVIII դարում այն ենթարկվել է վերակառուցման և ստացել է ներկայիս տեսքը: Պարիսպը ունի 2մ հաստությամբ և 9մ բարձրությամբ պատեր, կլոր աշտարակները իրար են միացված նեղ անցումներով: Պատերին առկա են հրակնատներ: ՈՒղղահայաց մուտքերի միջոցով կարելի է բարձրանալ պատերի վրա: Ղարաբաղի այս ամրոցը մեծ պաշտպանական դեր է խաղացել 1905-06թթ. –ին՝ հայ-թաթարական բախումների ժամանակ թաթար ջարդարարներից, և 1918-20թթ. –ին՝ թուրք զավթիչներից: Պաշտպանական կառույցը ձգվում է ավելի քան 1,5կմ երկարությամբ՝ Կարկառ գետի երկու կողմերով:

About -

Leave a comment

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>