ԱՐՑԱԽ Հայրենակցական Հասարակական Կազմակերպություն
Ա. Զաքարյան: Հայաստան և Արցախ տունդարձը, թեկուզև` կարճատև, բայց ոգեղեն պարտավորություն է, ոչ թե տուրիզմ.
By admin On 9 Июн, 2015 At 04:36 ДП | Categorized As Գլխավոր, ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ | With 0 Comments

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Արցախ» հայրենակցական միության կոչին` պարբերաբար առիթներ փնտրելու համար Արցախ այցելելու, ասում է,, որ չի կարծում, որ այս մոտեցումը կարելի է դիտարկել որպես տուրիզմ, քանի որ ծագումով արցախցիների համար իրենց պապական օջախների և արմատների կանչով Արցախում հանգիստ անցկացնելը ոչ միայն հոգևոր և բարոյական, այլ հասարակական ու քաղաքական ազդակ կարող է լինել խաղաղ և կայուն զարգացման, համար, ինչպես նաև ոգեղեն «պարտավորություն է»:

-Պարո՛ն Զաքարյան, վերջերս «Արցախ» հայրենակցական միությունը հանդես եկավ նախաձեռնությամբ՝ աշխարհի բոլոր հայերին կոչ անելով պարբերաբար առիթներ փնտրել Հայաստան և Արցախ այցելության համար …

-Եվ որպես դրա լավագույն առիթը հանգիստն անցկացնել Արցախում։ Կարծում եմ, սա կարևոր նախաձեռնություն է և հուսով եմ, այն համապատասխան արձագանք կգտնի։ Հատկապես աշխարհի տարբեր անկյուններում ապրող ծագումով արցախցիների համար իրենց պապական օջախների և արմատների կանչով Արցախում հանգիստ անցկացնելը ոչ միայն հոգևոր և բարոյական, այլ նաև հասարակական ու քաղաքական ազդակ կարող է լինել խաղաղ և կայուն զարգացման, և, իհարկե, սերունդների ինքնության պահպանման համար։ Այս մոտեցումը չի կարելի դիտարկել որպես տուրիզմ։ Ավելի շուտ այն բոլորովին էլ տուրիզմ չէ, երբ խոսքը վերբերում է մեզ` հայերիս։ Դեպի մայր Հայաստան և Արցախ  տունդարձը՝ թեկուզև կարճատև, համայն հայության ինքնության պահպանման, հայրենիքի գոյության արժևորման, նրա պաշտպանության ու առաջընթացի խթանման համար խիստ էական, յուրատեսակ, ուղղակի և անուղղակի ոգեղեն պարտավորություն է մեզանից յուրաքանչյուրիս համար։

 -Ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորված լինելը արդյո՞ք մասամբ չի խոչընդոտում դրան:

- Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն ավելի քան երկու տասնամյակ է ընթանում է իր բնականոն հունով։ Հայկական կողմերի նպատակաուղղված ու հետևողական ջանքերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների անմիջական միջնորդությունը, տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից՝ խաղաղ կարգավորմանն ուղղված աջակցությունը շարունակում են զսպել ադրբեջանական ագրեսիվ վարքագիծն ու ռազմական հռետորաբանությունը։ Ինքնապաշտպանական մարտական գործողությունների ավարտից կամ ավելի ճիշտ հրադադարից հետո Արցախում սկիզբ առած լայնածավալ ծրագրերը, համահայկական ներդրումները, սոցիալ-տնտեսական միջավայրի ձևավորումն ու զարգացումը, ժողովրդավարական քաղաքական համակարգի ներդրումը, հոգևոր-մշակութային կյանքի աշխուժացումը շարունակաբար նոր որակներ են հաղորդում Արցախին, առավել ամրացնելով ինքնորոշման իրավունքի իրացման անբեկանելի և հիմնավոր ճանապարհը։ Լեռնային Ղարաբաղը քայլ առ քայլ կայանում է, կայանում է որպես պետություն՝ իր ավանդույթներով և իրավակարգով, իր քաղաքացիներով ու նոր երիտասարդ սերնդով։ Ի սկզբանե Արցախը լիարժեք իրավունք է ձեռք բերել համայն հայության միավորող գաղափարներից մեկը լինելու համար։ Գաղափար, որն իր տեսակով ու էությամբ վարակիչ է։ Արտաքին աշխարհում տարբեր ոլորտների մեր գործընկերներին մենք հաճախ կոչ ենք անում այցելել Ղարաբաղ, ճանաչել այն, ծանոթանալ հիմնախնդրին տեղում, մոտիկից շփվել հինավուրց մշակույթի և բարի ավանդույթների հետ, վայելել աշխարհի հրաշագեղ բնություններից մեկը։ Եվ կարծում եմ` յուրաքանչյուր այցելուի հետ Արցախն ավելի է ամրանում իր արդարացի և միջազգային իրավունքի սկզբունքներով հիմնավորված պայքարում։

-Դրան ինչպե՞ս է արձագանքում, ըստ Ձեզ,  միջազգային հանրությունը:

-Մենք շատ ենք կարևորում միջազգային հանրության կարծիքն ու մոտեցումներն այս հարցում։ Պատահական չէ, որ Ադրբեջանը այցելուների սև ցուցակներ է լրացնում, սակայն նույնիսկ այդ հակաժողովրդավարական արգելքը ետ չի պահում շատ հայտնի գործիչների ու ճանաչված մարդկանց Արցախ այցելությունից։ Շարքային օտարերկրացու համար Արցախն առավել ճանաչելի կդառնա, երբ ողջ հայությունը դառնա նախաձեռնող և քաջալերող։ Այդ դեպքում ադրբեջանական նավթադոլարներն ու խավիարային դիվանագիտությունն էլ աստիճանաբար կկորցնեն իրենց ազդեցությունը։

About -

Leave a comment

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>