ԱՐՑԱԽ Հայրենակցական Հասարակական Կազմակերպություն
ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԳԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ՂԱՐԱԲԱՂ ԿԱՐՊԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
By admin On 26 Янв, 2015 At 05:58 ПП | Categorized As Без рубрики | With 0 Comments

Գորգագործական մշակույթը Արցախում խոր  արմատներ ունի. այն մեզ տանում է հազարամյակներ առաջ, ներկայացնում հին աշխարհի եւ հատկապես  Արցախի հնագույն մշակույթն ու կենցաղը: Այլեւս արդեն գիտակից եւ գրագետ հասարա­կությանը պետք չէ ապացուցել Արցախի` որպես գորգագործության կենտրոն լինելու հանգամանքը: Արցախյան հին գորգերը ներկայացված են այսօր աշխարհի բազմաթիվ թանգարաններում: Շատերին է հայտնի արցախյան բրդյա ձեռագործ գորգերի համբավն ու նշանակությունը:

 Աշխարհաքաղաքական պրոցեսներով պայմանավորված` ժամանակ առ ժամանակ անկում, բայց նորից վերելք է ապրել ձեռագործ գորգագործությունն Արցախում: Պայմանավորված այն հանգամանով, որ Արցախը տարբեր ժամանակահատ­վածներում  եղել է տարբեր երկրների տիրապետության տակ, արցախյան գորգերը տարածվել են գրեթե ամբողջ Ասիայի եւ Եվրոպայի երկրներում:

 Ի դեպ, երկար  տարիներ ադրբե­ջանական գորգահավաքները Արցախի գյուղերից հավաքել են հին` հարյուրավոր տարիների պատմություն ունեցող գորգերը, որոնք այսօր պահվում եւ ներկայացվում են Բաքվի թանգարաններում` որպես <<ադրբեջանական հին գորգեր>>: Այսօր ադրբեջանցիներն իրենց արտադրու­թյան ներկայացման  մեջ հպարտանում են Ղարաբաղյան տիպի գորգերով` ներկա­յաց­նելով այն իրենց սեփականը:

 Վերջին տասնամյակներում, կապված  ադրբեջանա-ղարաբաղյան հակա­մար­­տու­թյան,  հետպատերազմյան իրադրության եւ դրանով պայմանավոր­ված` անկում ապրած սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքով, արցախցուն հատուկ եւ հարազատ բազմաթիվ այլ արտադրությունների, կիրառական արվեստի ճյուղերի եւ  տարբեր ոլորտների հետ միասին Արցախում անկում է ապրել ձեռագործ գորգագործությունը: Սակայն արցախցին անհատական նախաձեռնությամբ տնայնագործության մակարդակով պահպանել է գորգ գործելու մշակույթը` որպես ընտանեկան ավանդույթ եւ ժառանգություն:

 Ավանդական գորգերի արտադրությունը մասամբ կասեցվել է նաեւ խորհրդային տարիներին` երբ գորգագործական ֆաբրիկաներում գործված ձեռագործ ու մեքենագործ խառնածին գորգերը գրավել են շուկան, իսկ սակավաթիվ տնայնագործներ, տուրք տալով ժամանակի ճաշակին,       ավելի շատ սկսել են գործել էկլեկտիկ բնույթի գորգեր: Սայան դրանք հեռու են եղել արցախյան գորգագործական մշակույթին բնորոշ ավանդույթներից:

 Բնականաբար, Արցախյան գորգերի վերածնունդը  հենց մեզ` արցախցիներիս համար  կարեւոր նշանա­կություն ունի, քանզի վերականգնվում  է մի մշակույթ, որով Արցախը միշտ ներկայացել է աշխարհին: Այս առումով հատկապես պատասխանատու եւ կարեւոր առաքելություն ունի  Արցախի Հանրապետությունում իր գործունեությունը մի քանի ամիս առաջ սկսած  Ղարաբաղ<<Կարպետ>>  ընկերությունը:

 <<Ընկերությունը նպատակ ունի նախ եւ առաջ վերար­տադրել արցախյան հին գորգերը, որոնք իրենց տեսակի եւ բովանդակության մեջ բավականին արժեքավոր են եւ մրցունակ,- մեզ հետ զրույցում նշեց Ղարաբաղ Կարպետ ընկերության տնօրեն Սեւակ Խաչատրյանը եւ հավելեց,- այստեղ`Արցախում  կատարվում է թելերի ներկումը, գործված գորգերի քիմիական մշակումը,  խուզումը եւ մյուս բոլոր գործընթացները:  Մենք հեռանկարում հնարավոր ենք համարում նաեւ միայն բնական ներկանյութերով ներկված թելերով եւ ընդ­հան­րապես ավանդական տեխնոլոգիաներով գործված գորգերի արտադրությունը, մանավանդ նկատի ունենալով, որ հենց դրանցով են  պայմանավորված  արցախյան  ավանդական գորգին բնորոշ լավագույն հատկանիշները:  Մենք առաջնային ենք համարում տիպիկ արցախյան գորգերի արտադրությունը, այնպիսի գորգերի` ինչպիսիք դարեր շարունակ գործել են Արցախի գորգագործական կենտրոններում: Այժմ մենք փորձում ենք վերականգնել գրեթե մոռացության եզրին գտնվող մի մշակույթ, ամբողջ մի արժեհամակարգ, որովհետեւ սա նշանակում է` ինչպես մշակութային իրի` տվյալ դեպքում` գորգի, այնպես էլ գորգագործության` որպես հազարամյակների կյանք ունեցող մշակութային գործունեության ոլորտի վերականգնում: Հիմա արդեն շուրջ հինգ ամսվա կյանք ունեցող ընկերությունը երկու գործարան ունի ԼՂՀ Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում: Արցախցի շուրջ 120 աղջիկներ եւ կանայք աշխատում են մեր ընկերությունում որպես գորգագործուհիներ>>:

 Ներկայումս Ղարաբաղ Կարպետ ընկերությունում գործում են մինչեւ 32 խտության գորգեր՝ հիմնականում 3, 4 մինչեւ 5 քմ մակերեսով:

 Ընկերությունն իր առջեւ նպատակ է դրել այս տարի գործել հիմնականում ժամանակին արցախյան գորգագործական  կենտրոններում գործված գորգեր. <<Այս պահին ունենք օրինակ՝ Արծվագորգերի տարբեր տեսականի, Արեւագորգեր, Հարսանեկան գորգեր, Աստղ-հավք, Արծվենշան, Խնձորեսկ, Կեռանախշ վարդյակներով գորգեր, Թռչնաբուն, Վիշապագորգեր, Խաչ-խորան, Թագ գորգ եւ այլն>>, – տեղեկացրեց ընկերության  տնօրեն Ս. Խաչատրյանը:

 Ընկերության տնօրենի հավաստմամբ` Ղարաբաղ Կարպետ  ընկերությունն այս տարի  նաեւ ուսուցողական հաստատու­թյուն է, եւ  գորգագործուհիների մի մասը  գորգր գործել սովորել է  հենց գործարանում:

 Ս Խաչատրյանը փաստեց, որ ընկերությունն արտադրանքի իրացման հետ կապված խնդիր չունի. <<Այս պահին Ղարաբաղ  Կարպետ ընկերությունը պատվեր ունի <<Արցախյան առաջին ազգային վիճակախաղ>>-ից, եւ  մինչեւ տարեվերջ պետք է արտադրել շուրջ 300 գորգ: Կազմակերպության հիմնական նպատակն է աստիճանաբար իր ուրույն տեղն ունենալ համաշխարհային շուկայում:  Մենք պատկերացնում ենք գործի ամբողջ դժվարությունն ու պատասխանատվությունը: Սակայն պետք է ընդգծեմ, որ սա նաեւ քաղաքական եւ մշակութային նշանակություն ունի նախ եւ առաջ: Քաղաքական նշանակություն ունի, որովհետու սա լուրջ մարտահրավեր է մեր հարեւաններին, ովքեր հասցրել են արդեն յուրացնել  մեր մշակույթը: Ուստի` մեր ընկերությունն էլ այս ասպարեզում ունի իր ասելիքն ու դա իրականացնելու է հենց Արցախի Հանրապետությունում գործված արցախյան գորգերը համաշխարհային շուկա հանելու ճանապարհով: Մենք նպատակ ունենք, եւ առավել քան վստահ ենք, որ Ղարաբաղ  Կարպետ ընկերությունն  աշխարհին կներկայանա բավականին հետաքրքիր եւ մրցունակ առաջարկներով>>:

 Ի դեպ, ընկերությունը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Արցախի ողջ տարածքում, առաջիկա տարիների ընթացքում գորգագործների թիվը հասցնելով շուրջ 500-ի:

 <<Անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ այս ամենի իրականացման հարցում մենք վայելում են ԼՂՀ իշխանությունների աջակցությունը, եւ հենց այս կերպ ենք պատկերացնում նաեւ մեր հետագա աշխատանքները: Այն բիզնես-միջավայրը, արտոնյալ պայմանների առկայությունը, որոնք տրամադրվում են ԼՂՀ իշխանություների կողմից,  մեծապես նպաստում են մեր գործունեությանն ու դրա հետագա ծավալմանը>>:

 Ընկերությունն իր գործունեության առաջին իսկ օրից համագործակցում է գորգագործության ոլորտում հայտնի մասնագետների հետ` մասնավորապես պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ Աշխունջ Պողոսյանի հետ.

 <<Օգտվում ենք հրապարակված տվյալներից` մասնավորապես Վահրամ Թաթիկյանի ուսումնասիրություններից, որոնցում ներկայացված են արցախյան գորգագործական կենտրոններին վերաբերող   մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նմուշներ: Անշուշտ, համագործակցում ենք նաեւ Արցախի թանգարանների, առանձին անհատ մարդկանց հետ, ովքեր փոքրիշատե հետաքրքված են այս ոլորտով: Մեր պատրաստա­կա­մությունն ենք հայտնում եւ ուրախ կլինենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կցանկանան եւ հետաքրքրություն կունենան աշխատել մեզ հետ>>:

 Ի դեպ ընկերությունն ունի ինտերնետային բազմալեզու կայք` karabakhcarpet.am եւkarabakhcarpet.com:

Եւ, ինչպես Ս. Խաչատրյանն է հավաստիացնում, աշխարհի ցանկացած վայրից կարող են այցելել այդ կայքը, ծանոթանալ գործարանի արտադրան­քին, ինչպես նաեւ պատվիրել իրենց նախընտրած գորգը:

 <<Կազմակերպությունը բավականին երիտասարդ է, եւ այն ամենը, ինչ հասցրել ենք անել այս 5 ամիսների ընթացքում, ընդամենը կարելի է ասել` մեկնարկն էր>>,-նշեց Կազմակերպության տնօրենը:

 Նոյեմբերի 20-22-ը Ղարաբաղ  Կարպետ ընկերության տնօրենը մասնակցել է Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ Երեւանում  առաջին անգամ  կազմակերպված հայկական գորգագործական մշակույթի ուսումնասիրման հիմնահարցերին նվիրված «Հայկական Հանգույց. գորգագործության ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողովին:

 Գիտաժողովի շրջանակներում քննարկվել են <<Հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման ու տիպաբանման հիմնախնդիրները: Հայոց գորգարվեստի տեղը առաջավոր ասիական գորգագործական մշակույթի համակարգում>>, <<Հայկական գորգերի գեղազարդման համակարգի ու դրա առանձնահատկությունների մասին: Հայկական գորգերն արտերկրի թանգարաններում: Հայկական գորգերի մասնավոր հավաքածուների մասին>>, <<Հայկական գորգի, ասեղնագործության ու ժանյակի,  մանրանկարչության, կիրառական ու մոնումենտալ արվեստի առարկաների գեղազարդման  սկզբունքների փոխկապակցվածության մասին>>, <<Ավանդական  եւ ժամանակակից գորգը>>, <<Գորգի վերանորոգման ժամանակակից տեխնոլոգիաների մասին>>, <<Գործվածքի թանգարանային հավաքածուների պահպանության, ցուցադրման եւ  ուսումնասիրման հիմնախնդիրները>> թեմաները:

 Միջազգային գիտաժողովին մասնակցել են հեղինակավոր մասնագետներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ավստրիայից, Լիբանանից, Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Գիտաժողովում ներգրավված են եղել գորգագործության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպություններ:

 Ի դեպ, միջազգային գիտաժողովի մասնակիցների մի մասը գիտաժողովի ավարտից հետո այցելել են Արցախ` տեղում ծանոթանալու Արցախում գորգագործության գործընթացքին: Այցելելով Ղարաբաղ Կարպետ ընկերություն, գիտաժողովի մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով.

 <<Անչափ ուրախ եմ եւ զարմացած եմ այն բանի համար, ինչ տեսա Արցախում: Լինելով Ղարաբաղ Կարպետ ընկերությունում եւ ծանոթանալով ընկերության պայմանների եւ արտադրանքի հետ, միայն հպարտության զգացումով եմ համակվել, եւ իրականում այդ ամենը հպարտանալու առիթ է հանդիսանում,- նշեց գիտաժողովում Իսպանիան ներկայացնող Գուրգեն Առաքելյանը եւ հավելեց,- այսօրվա դրությամբ աշխարհում գորգի աճուրդային ամսագրերի բաղկացուցիչ մասը Ղարաբաղի գորգերն են: Իրականում աշխարհին հայտնի են Ղարաբաղի գորգերը մնում է կարողանալ պայմաններ ստեղծել, որպեսզի տեղի արտադրանքը միջազգային շուկա դուրս բերվի>>:

 Գ. Առաքելյանը խոսեց նաեւ այն մասին, թե որքանով է միջազգային շուկայում գորգերի արտադրությունը հեռանկարային. <<Երբ սահմանները բացվեցին եւ Եւրոպան սկսեց ապրանք ներմուծել, գորգերի արժեքը կտրուկ ընկավ, քանի որ Չինաստանից, Պակիստանից եւ Հնդկաստանից սկսեցին զարմանալի էժան գներով ապրանք ներմուծել Եւրոպա: Ես այս խնդրի լուծումը տեսնում եմ մեր Սփյուռքում: Մենք սփյուռքին ոչ թե պետք է դիմենք խնդրանքով, որ փող տան մեզ, այլ պետք է դիմենք, որ մեր ստեղծած ապրանքն օգնեն վաճառել: Այլ ապրանքներ գնելու փոխարեն գնեն Արցախում արտադրված ապրանքը: Ի վերջո, ամեն մարդ ներքուստ պետք է հպարտ լինի, սա նաեւ արժանապատվության հարց է, որ իր գնումով նպատում է Արցախում արտադրության զարգացմանը: Ղարաբաղ <<Կարպետ>> ընկերությունում իմ կատարած ուսումնասիրությունների արդյունքերը ցույց են տալիս, որ ընկերությունում արտադրված գորգերի որակը շատ բարձր է, հումքը մաքուր է եւ բնական, սինթետիկ չէ: Այսօր աշխարհը ձգտում է բնական հումքով ստեղծված ձեռքի աշխատանք ձեռք բերել: Իսկ այս ընկերությունում միայն նման արտադրանք է արտադրվում>>:

 Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոնի գլխավոր մասնագետ, գորգագետ Աշխունջ Պողոսյանը երեւանում կայացած միջազգային գիտաժողովի կազմակերպիչներից է: Ըստ նրա` գիտաժողովը  ի սկզբանե մի քանի ուղղություն է ունեցել. <<Միջազգային գիտաժողովն ուներ մի քանի ուղղություններ եւ նպատակներ: Դրանցից հիմնականն այն էր, որ ի վերջո մենք կարողանանք մեր գաղափարները, մտքերը անմիջականորեն ասենք այն մարդկանց, ովքեր զբաղված են գորգագործական մշակույթի հետազոտման աշխատանքներով:  Ի դեպ, գիտաժողովին մասնակցության հրավերներ ուղարկվել են եւ Բաքվի թուրքերին եւ Ստամբուլի թուրքերին, սակայն նրանցից եւ ոչ մեկը չի ներկայացել այդ գիտաժողովին: Սակայն կարեւոր եմ համարում այն հանգամանքը, որ մենք գիտաժողովին մեր խոսքն ասել ենք եւ համոզված ենք, որ դա նաեւ նրանց համար է լսելի դառնալու>>: Ա. Պողոսյանի հավաստմամբ` գորգագործական գիտության մեջ արեւելյան գորգեր սիրողների շրջանում գրեթե ընդունված չէ հայկական գորգ հասկացությունը: Անգամ եղել է տեսակետ, որ հայերը գորգագործությամբ չեն զբաղվել: Բնականաբար, այդ տեսակետը պարզապես  ծիծաղելի է:

 Գորգագետի համոզմամբ` Արցախում արտադրվող գորգերն իրացվող ապրանքներ են. <<Ես բավական ժամանակ է, ինչ հետեւում եմ Արցախում գորգագործարանի գործունեությանը, ինքս բավականին էսքիզներ եմ տրամադրել ընկերությանը: Իհարկե, աշխարհում կան տարբեր տեսակի ճաշակներ եւ պահանջներ: Արցախում արտադրվող գորգերն իրացվող ապրանքներ են: Եւ գործարանում գործվող բոլոր գորգերը բնորոշ են Արցախյան գորգագործական մշակույթին: Գորգագործության շուկայում հսկայական մրցակցություն կա, իսկ Ղարաբաղ Կարպետը դեռեւս նոր է աճում, բնականաբար այդ շուկայում տեղ գրավելը դժվար է լինելու, բայց պետք է ձգտել մի քանի պատճառներով, նախ, որ հայոց գորգագործական ավանդույթները վերակենդանանան, զարգանան ու տարածվեն: Երկրորդ` այդ ավանդույթները հարստացվեն նոր երանգներով, նոր գծերով, նոր գաղափարներով եւ, որ ամենակարեւորն է, Արցախում ստեղծվեն աշխատատեղեր, ընդ որում` ձեռնարկության մասնաճյուղեր հիմնվեն նաեւ գյուղական վայրերում, քանզի ժամանակին մենք Արցախում գորգագործական ավանդույթներով հայտնի շատ գյուղեր ենք ունեցել>>:

 <<Ղարաբաղյան գորգը շատ կարեւոր ավանդույթ ունի,- նշեց  Ղարաբաղ Կարպետ ընկերություն այցելած միջազգային գիտաժողովի մասնակից  Ստեփանո Իոնեսկոն,-  երբ գործ ես ունենում ավանդական ու հին որեւէ բանի հետ, դժվար է այն նմանօրինակել: Հին ղարաբաղյան գորգերը  բարձր արվեստի նմուշներ են. սրանք  գորգեր են ժամանակակից գնորդների համար, որոնք կարող են որպես զարդարանք ծառայել տան համար: Երջանիկ եմ տեսնել այս գործարանը, ամեն ինչ շատ լավ կազմակերպված է, պայմանները շատ լավ են, որը շատ կարեւոր հանգամանք է, ուրախ եմ տեսնել երիտասարդ աշխատողներ թե տնօրինության, թե բանվորական կազմում: Ինչ վերաբերում է միջազգային շուկային, այն դժվար է հասկանալ եւ իր յուրահատկություններն ունի, բայց հավանաբար սա լավագույն  հայկական ժամանակակից ավանդական գորգի դրսեւորումներից է, սակայն դեռ աճելու տեղ ունի այս գործը>>:

     Իսկ Արցախ այցելած լեհ պրոֆեսորը նշեց, որ իրեն առանձնապես դուր է գալիս Ղարաբաղյան գորգերի գույնը, այն առանձնահատուկ է. << Կարծում եմ` կարող եք դուրս գալ միջազգային շուկա այս գորգերով. կան մարդիկ, որոնց դուր կգան հենց այս գորգերը>>:

Անի Ազատյան

About -

Leave a comment

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>