ԱՐՑԱԽ Հայրենակցական Հասարակական Կազմակերպություն
Նախագահը բավարար է գնահատել կառավարության աշխատանքը
By admin On 25 Янв, 2015 At 09:59 ДП | Categorized As Գլխավոր, Լուրեր Արցախից | With 0 Comments

Հունվարի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության՝ այս տարվա անդրանիկ նիստը, որը վարում էր նախագահ Բակո Սահակյանը:
Նիստում հաստատվել են 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Այն մշակվել է՝ հաշվի առնելով պետական կառավարման մարմինների առաջարկությունները՝ հիմքում ունենալով կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանը նշել է, որ ընթացիկ տարվա միջոցառումների ընտրությունը պայմանավորված է գործադրի կողմից իրականացվող մի շարք ծրագրերի շարունակականության ապահովման, նոր ծրագրերի գործարկման, արդի իրավիճակներով առաջադրված պահանջների կատարման և երկրում ընդունված մի շարք օրենքների կիրարկումն ապահովելու նպատակներով:
Հաստատված ծրագիրը պարունակում է 121 միջոցառում, որոնցից 12-ը տեղափոխվել են նախորդ տարվա ծրագրից: Ըստ առաջադրված խնդիրների ուղղվածության՝ դրանց հիմնական մասը նախատեսում է բնակչության սոցիալական, առողջապահական, կրթական և հանրապետությունում բնապահպանական ոլորտներում ընթացիկ տարվա միջոցառումների իրագործում: Ծրագրված տարվա միջոցառումների գերակշիռ մասը կիրականացվի առաջին եռամսյակում:
Կառավարության 2015 թվականի գերակա խնդիրներով սահմանվում են կառավարության գործունեության գերակայությունների՝ տնտեսական զարգացման և աճի կայուն տեմպերի, առողջ, կիրթ, զարգացած և հայրենասեր հասարակության կայացման, նրա բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ և արժանապատիվ պայմանների ստեղծման, Արցախի պետականաշինության ինստիտուտների զարգացման ապահովմանն ուղղված խնդիրները և դրանց լուծման ուղիները:
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ս. Թևոսյանը, ներկայացնելով ընթացիկ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները, նշել է, որ պետական բյուջեի մուտքերի, հետևաբար նաև` ծախսային հատկացումների կատարման եռամսյակային բաշխվածությունը ձևավորելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ. նախորդ տարիների ցուցանիշների փաստացի կատարողականները, խոշոր հարկատուների ժամանակագրական կանխատեսումները, ինչպես նաև մակրոտնտեսական միջավայրի ակնկալվող զարգացումները: Կարևոր գործոն է համարվում նաև Հայաստանի Հանրապետության կողմից հատկացվող միջպետական վարկի տրամադրման եռամսյակային համամասնությունը` հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
2015 թվականի պետական բյուջեի ընդհանուր մուտքերը` 82,318.7 մլն դրամ, բաշխվել են ըստ եռամսյակների: Առաջին եռամսյակի համար հատկացվել է 16 մլրդ 360.6 մլն դրամ (19.9 %), երկրորդ եռամսյակի համար` 19 մլրդ 536.3 մլն դրամ (23.7 %), երրորդ եռամսյակի պետական միջոցառումների կատարման համար նախատեսված է 21 մլրդ-ից ավելի դրամ (25.5 %) և չորրորդ եռամսյակի համար` 25 մլրդ 397 մլն դրամ (30.9 %):
2015 թվականի պետական բյուջեի ծախսային մասը, որը հաստատված է 87,200.0 մլն դրամի չափով, եռամսյակային կտրվածքով ծրագրվել է` ելնելով բյուջետային մուտքերի, ինչպես նաև դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ժամանակացույցից:
Ընդհանուր ծախսերն ապահովելու համար, ինչպես նաև պայմանագրային փոխառությունները ժամանակին մարելու նպատակով, ըստ Ս. Թևոսյանի, անհրաժեշտ է ընթացիկ տարում ներգրավել 14,912.8 մլն դրամի վարկեր:
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի խոսքով` առաջին եռամսյակում հիմնականում նախատեսվել է սոցիալական բնույթի առաջնահերթ այնպիսի ծախսերի կատարումը, ինչպիսիք են` աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների և այլ սոցիալական վճարների ֆինանսավորումը:
Որոշման մեջ սահմանվել է նաև պետության կարիքների համար 2015 թվականին իրականացվող գնումների անվանացանկը: Նա շեշտել է, որ գնումների իրականացումը դեռևս կատարյալ չէ. անհրաժեշտ է ջանքեր գործադրել` այն օրենսդրության սահմանված կարգին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Պատասխանելով նախագահ Բակո Սահակյանի` պետական գույքի հաշվառման ծրագրի ընթացքի վերաբերյալ հարցին` Լ. Գրիգորյանը տեղեկացրել է, որ դրա իրագործումը բնականոն ընթացքում է, և նախորդ տարի զգալի ծավալի պետական գույք է հաշվառվել, իսկ արդյունքները վերջնականորեն կամփոփվեն շուտով:
Նիստի ավարտին նախագահն անդրադարձել է անցած տարվա քաղաքական զարգացումներին, կառավարության գործունեությանը եւ 2015 թվականի կարևորագույն անելիքներին ու աշխատանքներին: Խոսելով 2014 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում կառավարության կատարած աշխատանքների մասին՝ Բակո Սահակյանը դրանք գնահատել է, ընդհանուր առմամբ, բավարար:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել 2015 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ կառավարությունից եւ նրա ստորաբաժանումներից ակնկալում է ակտիվ, արդյունավետ ու համակարգված աշխատանք: Ի պատասխան՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ գործադիր մարմինը կարողանալու է պատվով կատարել իր առջև դրված խնդիրները և հանրապետության ղեկավարի հանձնարարականները:

About -

Leave a comment

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>